Ավետարանական եկեղեցին իր ծառայությունների հետ մեկտեղ
մտահոգված է նաև հոգևոր կրթությամբ: Արդեն երեք տարուց ավելի է, ինչ կանոնավոր
կերպով գործում է աստվածաշնչյան դպրոցը, թեև դրա արմատները տանում են 90-ականների
սկիզբ: Դպրոցը հիմնադրվել է 2004-05թթ. Ավետարանի Հավատքի Քրիստոնյաների Էմմանուել
եկեղեցու հովիվ Ռուբիկ Թումանյանի և Սևանի Ավետաբեր եկեղեցու հովիվ Վլադիկ Բաղդասարյանի
նախաձեռնությամբ: Ուսուցումը դպրոցում իրականացվում է երեք կուրսով: Առաջին և երկրորդ
կուրսերը տևում են վեց ամիս (ապրիլ, մայիս և սեպտեմբերից դեկտեմբեր), յուրաքանչյուր
շաբաթ օրը, ժամը 14:00-18:00-ն: Առաջին կուրսն ավարտողները ստանում են վկայական,
իսկ երկրորդ կուրսի շրջանավարտներին տրվում է դիպլոմ: Դպրոցում դասավանդում են
ավետարանական եկեղեցիներից հրավիրված ուսուցիչներ և հովիվներ: Երրորդ կուրսն իրականացվում
է սեմինարների կարգով: Այստեղ դասավանդում են Հայաստանից և արտերկրից հրավիրված
մասնագետներ և աստվածաբաններ: Երրորդ կուրսը տևում է երեք տարի, և ավարտողները
ստանում են բակալավրի կոչում, ինչը հնարավորություն է ընձեռում կրթությունը շարունակել
աշխարհի տարբեր երկրներում` Ռուսաստանում, Եվրոպայում և Ամերիկայում:
Դասապրոցեսում ներգրավված են հետևյալ առարկաները`
• Աստվածաշունչ
• Եկեղեցու պատմություն
• Հին Կտակարանի պատմություն
• Նոր Կտակարանի պատմություն
• Ընտանիք
• Քարոզչության արվեստ
• Միսիոներություն
• Տնտեսվարություն
• Այլ կրոններ և այլն:
Դպրոցի նպատակն է 1700-ամյա հայ քրիստոնեությանն իրազեկ դարձնել, թե ինչ է իրենից
ներկայացնում Աստվածաշունչը, ով է Քրիստոս, որն էր Նրա առաքելությունը, և ուր են
տանում եկեղեցու արմատները: Դասավանդվող առարկաներն ունեն բացառապես աստվածաշնչյան
հիմք և սովորողներին օգնում են ձերբազատվել մինչ այդ ունեցած թյուր և անհիմն կարծիքներից`
տալով Աստվածաշնչի հստակ և ճշգրիտ մեկնաբանություն:
Դասերն ընթանում են Էմմանուել եկեղեցուն կից կառուցված դասարաններում, որոնց հարմարավետությունն
ու ժամանակակից տեխնիկայով հագեցած լինելը հնարավորություն է տալիս ավելի մատչելի
և բովանդակալից դարձնել դասընթացը:
Դպրոցի դռները բաց են տասնհինգ տարեկանից բարձր յուրաքանչյուր անհատի առջև: Դիմորդներն
անցնում են կարճ հարցազրույց դպրոցի դեկանի հետ և, լրացնելով համապատասխան դիմումը,
ընդունվում են դպրոց: Ամեն կուրսն ավարտվում է գրավոր քննությամբ: Բոլոր առարկաներից
հարցերը կենտրոնացված են մեկ քննության մեջ: Ցանկացողները կարող են դիմել Էմմանունել
եկեղեցի` դպրոցի դեկան Արթուր Մելիքյանին կամ դիմումներն ուղարկել էլեկրոնային
փոստով: info[at]emmanuel.am
:
Դպրոցը գործում է անվճար: