«Տերը ծեծում է ամեն որդուն, ում ընդունում է, այլապես նա խորթ է» (Եբր. 12.6):
«Անմիտների կռնակի համար ծեծեր են պատրաստված» (Առակ. 19.29):
«Վերքի նշանները և փորի շտեմարաններին հասնող հարվածները չարության դեմ մաքրողական դեղ են» (Առակ. 20.30 ):
«Գավազանին խնայողը իր որդուն կատի, բայց նրան սիրողը կանուխ կխրատի» (Առակ. 13.24):
«Քանի դեռ հույս կա, երեխայիդ խրատիր և նրա մահվանը կամակից մի եղիր (կամ նրա աղաղակին մի նայիր)» (Առակ 19.18):
«Գավազանն ու հանդիմանությունը իմաստություն կտան, բայց իր կամքին թողնված երեխան իր մորը կամաչեցնի» (Առակ. 29.15):
«Խրատի՛ր քո որդուն, որ քեզ հանգստացնի» (Առակ. 29.17):
«Իմաստուն զավակն իր հորը կուրախացնի, բայց հիմարը իր ծնողների տրտմությունն է» (Առակ. 10.1, 17.21-25):
«Սերն անիրավության վրա չի ուրախանա, հապա ճշմարտությանն ուրախակից կլինի» (Ա Կորնթ. 13.6):
Որպես պատժամիջոց՝ ծեծն ընդունելի՞ է, թե՝ ոչ…
Եկեք սկսենք սիրուց: Սերն անիրավության վրա չի ուրախանա, չի հաշտվի սխալի հետ, չի հարմարվի վատ արարքի հետ, այլ դեմ կկանգնի դրան, կպայքարի դրա դեմ: Սերը չի հանդուրժի իր սիրելիի անկումը կամ վնասը: Իհարկե, մենք պատիժ ասելով հասկանում ենք ոչ թե դատավորի տված պատիժը, այլ ծնողի խրատական պատիժը, որ բխում է սիրուց:
Մի Աստծո մարդ ասում էր, որ եթե մեկին սեր չես ցուցաբերել, նրան հանդիմանելու իրավունք չունես: Նմանապես, եթե երեխան համոզված չէ ծնողի սիրո վրա, նա պատիժը կընդունի որպես թշնամանք կամ կկոտրվի: (Ես գրեցի ծնող, որովհետև կարծում եմ՝ միայն ծնողն իրավունք ունի իր երեխային պատժելու):
Երեխային դաստիարակելու համար արժե ուշադրություն դարձնել հետևյալ հերթականությանը՝ սովորեցնել-ուղղել-խրատել-շտկել-հորդորել-հանդիմանել-սաստել-արգելել-պատժել: Այսինքն՝ երբ սկսենք սովորեցնելուց, շատ հազվադեպ կհասնենք պատժելուն: Երեխան նույնպես մարդ է և միշտ հասկանում է ավելին, քան մենք կարծում ենք: Նրան սովորեցնել և հասկացնելը շատ ավելի հեշտ, ճիշտ և արդյունավետ է: Բայց հարցն այն է, որ եթե բանը հասել է պատժին, արդյոք ծեծն ընդունելի՞ է: Իհարկե, ոչ բոլոր դեպքերում և ոչ միշտ: Քանի որ մեզ համար միակ ճշմարտությունը և հեղինակությունն Աստծո Խոսքն է, ճիշտ է նրանով շարժվելը:
«Մանուկի սրտի մեջ հիմարությունը կապված է» (Առակ. 22.15): Այսինքն՝ մեղքի բնության հետևանքով երեխայի մեջ կապվածություններ կան, որոնք կարող են սուր իրավիճակներում հայտնի դառնալ (օր.՝ մերժման դեպքում, ցավի դեպքում (ընկնել, դանակով մատը վնասել և այլն), մի թանկ բան կորցնելու, փորձության դեպքում և այլն): Նման դեպքերում երեխան կարող է անսպասելի վարմունք ցուցաբերել, որը չի համընկնի իր սովորածի հետ: Այդ վարմունքն է որոշում պատիժը կամ պատժի չափն ու ձևը:
Եթե երեխան մի այնպիսի բան է ուզում անել, որը վտանգավոր է կյանքին (օր.՝ պատշգամբից կախվել, էլեկտրական հոսանքի հետ խաղալ, սուր դանակ վերցնել և այլն), այդ դեպքում պետք է նրան «ազատել» այնպիսի բաներով, որ նրա մեջ վախ առաջանա այդ վտանգներից, որ նա այլևս չցանկանա կրկնել նման արարքը: Այդ ձևերից մեկը խրատի գավազանն է՝ խրատ, ծեծ (իհարկե, չափավոր, անվնաս, բայց ազդող): Պետք է հետո նաև բացատրվի, որ այդ ծեծն ավելի թեթև ու փոքր է, քան այն վնասը, որ նա կկրեր, եթե չկանգնեցվեր իր սխալ ընթացքը:
Օրինակ՝ ես անգամներ լսել եմ որոշ առաքինի կանանցից, որ իրենց պատանի ժամանակ ընկերուհիները գայթակղիչ առաջարկներ են արել՝ անառակության մեջ ներքաշելու նրանց, իհարկե, ուրիշ անվան տակ: Բայց այդ պատանի աղջկան այդ քայլից հետ է պահել մի բան՝ «Պապաս կսպանի» (ծեծի իմաստով): Ես չգիտեմ՝ եթե պապայի ծեծի վախը չլիներ, ուրիշ ի՞նչը հետ կպահեր նրան այդ անդունդը գլորվելուց: Հիմա նա առաքինի կին է:
Ճիշտ խրատի ծեծը ճանաչեցնում է սահմանները: Մեկ այլ օրինակ. եթե երեխան դպրոցում վիճաբանել է իր հասակակիցների հետ և վտանգ կա, որ կարող է դիմացինին լուրջ վնասվածք հասցնել, նրան պետք է այդ քայլից հետ կանգնեցնել՝ թեկուզ ֆիզիկական ուժ գործադրելով (նկատի չունեմ՝անպայման ծեծ), բայց հարկ եղած դեպքում՝ անգամ ծեծ: Ավելի լավ է ծնողը ծեծի, քան ոստիկանը, ավելի լավ է ծնողը պատժի, քան բանտը:
Ծեծը հեշտ բան չէ թե՛ ծեծողի, թե՛ ծեծվողի համար: Ծեծն ուրախարար չէ, բայց մեծ վտանգներից ազատելու համար կարող է լինել անհրաժեշտություն:
«Երեխան գավազանի ծեծից չի մեռնի, բայց նրա հոգին դժոխքից կազատվի» (Առակ. 23.13-14): Այս խոսքերը հանկարծ առիթ չտան՝ ամեն բան ծեծով անելու: Գավազանը չարաշահելն ավելի վնաս կտա: Շատ ծեծելը դառնում է սովորական և անարդյունք, մինչ ծեծողը մեղք է գործում, ծեծվողն էլ չի խրատվում: Նպատակը չլինի ծեծելով խղճմտանքդ հանգստացնելը, թե իբրև խրատում ես, այլ նպատակդ լինի երեխայիդ դաստիարակելը, որն ավելի շատ սովորեցնելով է, քան պատժելով: