Իմանալով հղիության լուրը ՝ միևնույն ժամանակ պարզել էր, որ և՛ իրեն, և՛ փոքրիկին վտանգ է սպառնում: Միակ հույսն Աստված էր…
Աստված նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Ինչպես երեկ, այնպես էլ այսօր, Նա շարունակում է հրաշքներ գործել Իր զավակների կյանքում, և Իր հերթական հրաշքը գործեց Դիանայի կյանքում: Իմանալով իր հղիության լուրը՝ միևնույն ժամանակ պարզել էր, որ և՛ իրեն, և՛ փոքրիկին վտանգ է սպառնում: Միակ հույսն Աստված էր… Իսկ անդադար աղոթքներն օրեցօր «բարձրացնում» էին նրա հավատքը: Եվ պատասխանն իրեն սպասեցնել չտվեց. Աստված պատասխանեց հավատքին, ինչն էլ դարձավ մեծ վկայություն:
Հղիությունս 3 ամսական էր, երբ կանգնեցի հաշվառման: Հետազոտության արդյունքներն ինձ սարսափեցրին. պարզվեց, որ արյան մակարդելիության հետ կապված խնդիրներ ունեմ: Այն զրոյական էր և հնարավոր էր, որ ծննդաբերության ժամանակ ե՛ս էլ, երեխա՛ս էլ մահանայինք:
Երկար ժամանակ բժիշկի նշանակած հաբերն ընդունելուց հետո գնացի հերթական ստուգման, բայց ոչ մի դրական տեղաշարժ չկար: Այն պահից, ինչ իմացել էի սպառնացող վտանգի մասին, հուսահատվել էի, կորցրել պայքարելու ունակությունս, վախենում էի բալիկիս կորցնելուց, բայց ամուսինս չէր դադարում ինձ քաջալերելուց, նա շարունակ պնդում էր, որ Աստված մեծ հրաշք է անելու մեր կյանքում:
Մենք միասին աղոթում էինք, ու օր օրի հավատքս ավելի էր մեծանում: Թեև բժիշկները շարունակում էին պնդել, որ մակարդելիությունը չի բարձրացել, բայց ես ինձ լավ էի զգում և որևէ անհանգստություն չունեի:
Եվ այսպես հրաշք կատարվեց: Հենց ծննդաբերության ժամանակ պարզ դարձավ, որ արյանս մակարդելիությունը զրոյից բարձրացել էր ութսունութի:
Սա ապացույցն էր այն բանի, որ Աստված պատասխանել էր մեր աղոթքներին, որ Նա ամենակարող է և չի դադարում պատասխանել ամեն իրեն կանչողին, միայն թե վստահենք և հավատանք…
Այսօր ես ունեմ առողջ բալիկ, ով դարձել է ընտանիքիս երջանկությունն ու օրհնությունը: Բժիշկների խոսքերով՝ այլևս ոչ մի առողջական խնդիր չունեմ և կատարյալ առողջ եմ:
Անի Ելոյան
Հրապարակվել է 08/11/2012 – ին