Տիկին Անիչկայի թոռնիկը` Շուշանիկը, ծնված օրվանից կաղ էր. նրա ձախ ոտքը աջից 4 սմ-ով կարճ էր: Շուշանիկի մայրը ավտովթարից մահացել էր, իսկ հայրը լքել էր նրան: Աղջկան 6 ամսականից պահել էր տատիկը եւ նրա առողջությամբ մտահոգված` դիմել բժիշկներին:
«Բժիշկները միայն խորհուրդ էին տալիս երեխային հատուկ կոշիկներ հագցնել, որոնց ներբանները խիստ տարբերվում էին մեկը մյուսից,- պատմում է տիկին Անիչկան,- նրանք ասում էին, որ երեխան մինչեւ տասը տարեկան չդառնա, չի կարելի վիրահատել: Վիրահատությունից հետո ոտքերի միջեւ եղած տարբերությունը թեեւ կփոքրանա, բայց նա էլի կկաղա: Սիրտս նեղվում էր անելանելի վիճակից: Գիշերները հուսահատությունից չէի կարողանում քնել: Մի գիշեր կոտրված սրտով աղոթեցի Աստծուն. «Տեր Աստված, Դու ես իմ միակ հույսը, խնդրում եմ, գթա այս որբին, բժշկիր իմ թոռնիկին»: Առավոտյան տիկին Անիչկան սովորականի պես Շուշանիկին տարավ մանկապարտեզ: Այդ օրը փոփոխություն չնկատվեց: Փոքրիկը դարձյալ հագավ իր հատուկ կոշիկները:
Հաջորդ օրը մանկապարտեզի ճանապարհին տիկին Անիչկան հանկարծ նկատեց, որ երեխայի քայլվածքը փոխվել է: Սկզբում մտածեց, թե իրեն է թվում, բայց օրվա մեջ անընդհատ հետեւելով նրա քայլվածքին` համոզվեց, որ իրոք հրաշք էր կատարվել: Աղջկա ոտքերն ուղղվել էին…
Այդ ժամանակ Շուշանիկը վեց տարեկան էր: Նա պետք է գնար առաջին դասարան: Նրա համար գնեցին նոր, վարդագույն կոշիկներ, որոնք շատ գեղեցիկ էին եւ, ամենակարեւորը, երկուսն էլ իրար նման:
Այլեւս Շուշանիկը կաղալով չի քայլի, այլեւս ոչ ոք չի ծիծաղի նրա վրա, այլեւս նա չի ամաչի, որովհետեւ Աստված գթած եւ ողորմած է: Նա լսում է Իրեն ապավինողների աղոթքներն ու պատասխանում:
Անիչկա Եփրեմյան