Աշխարհի վերջի մասին աստվածաշնչյան ուսմունքը Սուրբ Գրքի առանցքային ուսմունքներից է: Քրիստոնեական ուսմունքն աշխարհի վերջի մասին շատ հստակ, պարզ ու միանշանակ ներկայացրեց մեր Փրկիչը՝ Հիսուս Քրիստոս: Եվ այստեղ աշխարհի վերջի իրադարձությունները կապված են մեր Փրկչի՝ Հիսուսի Երկրորդ գալստյան հետ, որին պիտի նախորդեն շատ մեծ իրադարձություններ: Ուզում եմ կարևորել հետևյալ միտքը. մենք պիտի գիտակցենք, որ քրիստոնյաները, իսկ մենք հայերս քրիստոնյա ենք, պիտի առաջնորդվենք քրիստոնեական ուսմունքով, այսինքն՝ Ավետարանով, և ոչ թե գուշակություններով կամ իբր հայտնություններով, ոչ էլ անգամ գիտնականների կանխատեսումներով:
Ապագայի ամենաիսկական կանխատեսումներն արդեն շատ դարեր առաջ գրվել են Աստվածաշնչում: Մինչև մեր օրերը մեծ ստույգությամբ և ճշգրտությամբ իրականացել են այն բոլոր կանխատեսումները, որոնք Աստված հայտնել է մարգարեներին և գրվել է Աստվածաշնչում: Իսկ այս արդեն հավատ է ներշնչում, որ այսուհետև էլ կլինի այնպես, ինչպես գրված է Աստվածաշնչում: Աստվածաշնչյան բազում մեկնաբանություններից ես մեջբերելու եմ միայն մեկ-երկուսը:
Ահա ինչպես է Հիսուս պատասխանում աշակերտների այն հարցին, թե երբ է լինելու և ինչ նախանշաններ պիտի նախորդեն աշխարհի վերջին և Քրիստոսի գալստյանը:
«Եվ երբ որ նա Ձիթենյաց սարի վրա նստած էր, աշակերտներն առանձին նրա մոտ եկան և ասեցին. Ասիր մեզ, այդ ե՞րբ կլինի. և ի՞նչ կլինի քո գալստյան և աշխարհքիս վերջի նշանը։ Հիսուսն էլ պատասխանեց և ասեց նրանց. Զգույշ կացեք, որ մեկը ձեզ չխաբե։ Որովհետև շատերը կգան իմ անունովը և կասեն՝ Ես եմ Քրիստոսը. և շատերին կմոլորեցնեն։ Պատերազմներ և պատերազմների համբավներ կլսեք, զգույշ կացեք, որ չշփոթվիք. որովհետև ամենը պետք է լինի. բայց դեռ վերջը չէ։ Որովհետև ազգ ազգի վրա վեր կկենա, և թագավորություն թագավորության վրա. և սովեր կլինեն. և մահտարժամներ՝ և տեղ տեղ երկրաշարժություններ կլինեն։ Բայց այս ամենը ցավերի սկիզբն է» (Մաթ. 24.3-8):
«Այն ժամանակ եթե մեկն ասե ձեզ՝ Ահա այստեղ է Քրիստոսը, կամ այնտեղ. չհավատաք։ Որովհետև սուտ քրիստոսներ և սուտ մարգարեներ վեր կկենան, և մեծ նշաններ և հրաշքներ կտան մինչև որ եթե կարելի լիներ, ընտրվածներին էլ կմոլորեցնեին։ Ահա առաջուց ասեցի ձեզ։ Արդ եթե ասեն ձեզ. Ահա անապատումն է, դուրս չգնաք. Ահա ներսի սենյակումն է. չհավատաք։ Որովհետև ինչպես կայծակը դուրս է գալիս արևելքից և երևում մինչև արևմուտք. այնպես էլ կլինի մարդի Որդուն գալուստը» (Մաթ. 24.23-27):
«Եվ շուտով այն նեղության օրերից հետո արեգակը կխավարի, և լուսինն իր լույսը չի տալ. և աստղերը երկնքից վայր կընկնեն, և երկնքի զորությունները կշարժվին։ Եվ այն ժամանակ կերևի մարդի Որդու նշանը երկնքումը, և այն ժամանակ կոծ կանեն երկրի բոլոր ազգերը. և կտեսնեն մարդի Որդին գալիս երկնքի ամպերի վրա զորությունով և շատ փառքով։ Եվ նա կուղարկե իր հրեշտակները մեծաձայն փողով, և նրանք կժողովեն նրա ընտրվածներին չորս հողմից երկնքի ծայրերից մինչև նրա մյուս ծայրերը: Թզենուցը սովորեցեք առակը. երբ որ նրա ճղերն արդեն կակուղացել են և տերևը բուսել է, գիտեք որ մոտ է ամառը։ Այսպես էլ դուք. Երբ որ այս ամենը տեսնեք, իմացեք որ մոտ է՝ դռներին է» (Մաթ. 24.29-33):
«Իսկ այն օրվա և ժամի համար ոչ ով չգիտե, ոչ էլ երկնքի հրեշտակները, բայց միայն իմ Հայրը։ Եվ ինչպես Նոյի օրերն, այնպես կլինի և մարդի Որդու գալուստը։ Որովհետեւ ինչպես որ էին ջրհեղեղից առաջ եղած օրերը, ուտում էին և խմում էին, կին էին առնում և մարդի էին գնում, մինչև այն օրը, որ Նոյը մտավ տապանը. և չգիտացին, մինչև որ ջրհեղեղն եկավ, և ամենքը վեր առավ, այնպես կլինի և մարդի Որդու գալուստը» (Մաթ. 24.36-39):
«Արդ՝ արթուն կացեք. որ չգիտեք թէ ո՞ր ժամում ձեր Տերը կգայ։ Բայց այս իմացեք, որ եթե տան տերը գիտենար թե որ պահում կգայ գողը, արթուն կկենար և թող չէր տալ որ իր տունը ծակեն։ Սրա համար դուք էլ պատրաստ կացեք որ այն ժամին, որ դուք չեք կարծում, մարդի Որդին կգա» (Մաթ. 24.42-44):
Այսպիսով մեր Փրկիչը մի օր պիտի վերադառնա երկիր, որ ավարտի Իր սկսած գործը երկրի վրա, և դատելով Հիսուսի ներկայացրած նշաններից՝ հեռու չէ այդ օրը:
«Միայն այն օրվա և ժամի համար ոչ ով չգիտի, ոչ հրեշտակները երկնքում, և ոչ Որդին, բայց միայն Հայրը: Զգուշացե՛ք, արթո՛ւն կացեք և աղո՛թք արեք, որովհետև չգիտեք, թե ժամանակը երբ է» (Մարկ. 13.32-33):
Ուզում եմ այս շատ համառոտ գրվածին ավելացնել շատ կարևոր հայտարարություն, որ արեց մեր Փրկիչը՝ Հիսուս. «Որովհետև ճշմարիտն ասում եմ ձեզ, մինչև որ երկինքն ու երկիրս անց կենան, օրենքիցը մի կետ կամ մեկ պստիկ նշանագիր չի անցնի մինչև որ բոլորը չկատարվի» (Մաթ. 5.18):
«Երկինքն և երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի» (Մարկ. 13.31): Ամեն: