«Փրկվա՞ծ եմ, թե` ոչ». կարծում եմ` դա կախված է ձեր հավատքից: Շատ մարդիկ, իրենց մարմինները տանջելով, հույս ունեն հասնել փրկության, սակայն Աստծո Խոսքն ասում է. «Ով որ հավատաց և մկրտվեց, կփրկվի» (Մարկ. 16.16): Հռոմեացիներին ուղղված թղթում գրված է. «Որովհետև եթե բերանովդ Հիսուսին Տեր դավանես և սրտումդ հավատաս, թե Աստված հարություն տվեց Նրան մեռելներից, կապրես» (Հռոմ. 10.9):
Դուք պարզապես պետք է հավատաք Աստծո Խոսքին: Հավատալ նշանակում է վստահել: Եթե Տերն ասում է` կփրկվես, կապրես, ուրեմն այդպես էլ կլինի: Հիսուս Իր կողքին խաչված ավազակին ասաց. «Դու այսօր Ինձ հետ դրախտում կլինես» (Ղուկ. 23.43): Ավազակը չասաց. «Տե՛ր, ինչպե՞ս հավատամ, որ դրախտում կլինեմ». նա պարզապես հավատաց:
Հավատքը գալիս է լսելուց, իսկ լսելը` Աստծո Խոսքից: Հաճախի՛ր եկեղեցի, լսի՛ր Աստծո Խոսքը, շփվի՛ր հավատացյալների հետ, որպեսզի հավատքդ ավելանա: Եթե Քրիստոսին ընդունել ես քո սրտում` որպես Տեր և որոշել ես քո ամբողջ կյանքում հետևել Նրան, ապրել սուրբ կյանքով, իմացի՛ր, որ ունես փրկություն: Նույնիսկ եթե ընկնում ես մեղքի մեջ, ապաշխարի՛ր, խնդրի՛ր, որ Քրիստոսի արյունը մաքրի քեզ, և այլևս մի՛ մեղանչիր:
Մի անգամ Հիսուսի մոտ բերեցին շնության մեջ բռնված մի կնոջ: Օրենքի համաձայն` նրան պետք է քարկոծեին, բայց Հիսուս ներեց նրան և ասաց. «գնա՛ և այսուհետև մեղք մի՛ գործիր» (Հովհ. 8.11):
Հավատա՛ և ապրի՛ր Քրիստոսի հետ, մեղք մի՛ գործիր, ու կժառանգես հավիտենական կյանքը: