«Որքանո՞վ է կարևոր եկեղեցի հաճախելը»
Հարցին պատասխանում է հովիվ Արարատ Պողոսյանը:
Այսօր հաճախ կհանդիպենք մարդկանց, ովքեր չեն կարևորում եկեղեցի հաճախելը: Նրանք պատճառաբանում են, որ կարելի է տանը աղոթել, Աստվածաշունչ կարդալ և այսքանով լինել ինքնաբավ: Պետք է խոստովանել, որ մեր ժամանակներում շատ է հոգևոր գրականությունը, և ոմանք, ընթերցելով այդ ամենը, փորձում են բավարարվել՝ հագեցնելով իրենց հոգևոր ծարավը: Համացանցը և հեռուստաալիքները ողողված են և՛ անարատ, և՛ արատավոր քարոզչությամբ: Որոշ քրիստոնյաներ նախընտրում են մնալ տանը և օգտվել այդ աղբյուրներից: Որպես կանոն՝ այդպիսի մարդիկ դառնում են ինքնամփոփ, դյուրագրգիռ, նեղացկոտ, հասարակությունից խուսանավող, մարդկանց հետ դժվար հաղորդակցվող:
Ի հեճուկս այս ամենի՝ պետք է այսօր կոտրել այս կարծրատիպը և հասկանալ, որ ոչ թե մենք ենք որոշում Աստծուն պաշտելու կերպը, այլ՝ Նա: Ոչ թե մենք ենք որոշում գնալ եկեղեցի թե ոչ, այլ՝ Նա: Ոչ թե մեր կամքը պիտի լինի, այլ՝ Նրա, և վերջապես ոչ թե մենք ենք Աստված, այլ՝ Նա:
Մաթևոսի ավետարանի 6-րդ գլխի 9-13 համարներում գրված է Տերունական աղոթքը, որտեղ Տեր Հիսուս սովորեցնում է աղոթելու կերպը: Գրված է Հայր մեր, ոչ թե Հայր իմ… Ամեն անգամ Տերունական աղոթքը աղոթելիս հասկանում ես, որ դու Աստծո միակ որդին չես, և աղոթում ես քո հավատակիցների՝ քո քույրերի ու եղբայրների հետ և նրանց համար: Դու գիտակցում ես, որ քո Հայրը բազում զավակներ ունի, և նրանք քեզանից հեռու չեն, օտար չեն, այլ միասին եք:
Հնարավոր չէ սիրել Աստծուն և չսիրել Նրա զավակներին: Հնարավոր չէ հաղորդակցվել Աստծո հետ և չհաղորդակցվել Նրա զավակների հետ: Հնարավոր չէ սիրել Աստծուն և չսիրել Նրա տունը՝ Եկեղեցին: Նրանք, ովքեր չեն սիրում հաճախել եկեղեցի, փորձում են արդարանալ՝ պնդելով, թե եկեղեցին չի փրկում մարդկանց, այլ՝ Քրիստոսը: Այո՛ և ամե՛ն, սակայն կիսատ է ասված. պետք է միշտ հիշել, որ Հիսուս Քրիստոս գալու է Իր եկեղեցու հետևից:
Եգիպտոսում Իսրայելացիները մտան իրենց տները և գառան արյունը քսեցին իրենց տան սեմերին և դրանդիներին: Այդպես նրանք պաշտպանվեցին գալիք պատուհասից: Մեր օրերում Աստծո ժողովրդի տունը մեկ է՝ Եկեղեցին (Ա Տիմոթեոս 3.15): Աստծո Խոսքի համաձայն` շատ պատուհասներ են գալու այս աշխարհի վրա: Եվ ով որ կլինի Աստծո տան մեջ, նա Հիսուսի արյամբ պաշտպանված կլինի, իսկ նրանք, ովքեր տուն չունեն, դուռ չունեն, արյունը որտե՞ղ պիտի քսվի: Ջրհեղեղի ժամանակ նրանք, ովքեր Նոյան տապանը չմտան, չփրկվեցին:
Եկե՛ք իրար խրախուսենք և քաջալերենք, օգնենք մոլորվածներին, որ գան եկեղեցի, լինեն Աստծո տանը: Եվ Աստված մեզ բոլորիս օգնական լինի…
Եվ չթողնենք մեր իրար հետ ժողովելը, ինչպես ոմանց սովորությունն է…(Եբրայեցիս 10.25):
Նյութը վերցված է crossnews.am կայքից: