1998 թվականի ապրիլի 17-ին հայտնվեցի բանտում. մարդ էի սպանել: Ինչ-որ մեկը վիճաբանության ժամանակ դանակով ուզում էր հարվածել հորս, բայց ես նրան հարվածեցի, ու նա մահացավ: Ինձ ձերբակալեցին եւ դատապարտեցին 9 տարվա ազատազրկման:

Բանտային կյանքը շատ բարդ ու լարված է, մի կողմից կարոտում ես հարազատներիդ, մյուս կողմից պետք է յուրացնես բանտային չգրված օրենքները` գոնե կենդանի մնալու համար:

Հետզհետե սկսեցի հարմարվել այդ կյանքին, նույնիսկ հարցեր էի լուծում: Շուտով ինձ վստահեցին, որ «նայեմ գաղութ»:

Կալանքի մեջ գտնվողների մեծ մասը մտածում է երջանկության մասին, երազում որ իր երեխայի ձեռքից բռնած զբոսնի, իր կնոջ հետ գնա հանգստանալու, ապրի իր տան մեջ, վայելի իր ծնողների, հարազատների սերն ու քնքշանքը: Իսկ բանտում կոպտությունից, դաժանությունից բացի ուրիշ ոչինչ չես տեսնում:

Շատերս մեր կամքով ենք մտնում այդ կյանքի մեջ եւ չենք կարողանում դուրս գալ, որովհետեւ ճանապարհը չգիտենք:

2001 թվականի դեկտեմբերի 29-ին համաներման շնորհիվ ես ազատ արձակվեցի: Սակայն որոշ ժամանակ անց կրկին հայտնվեցի բանտում` գողության եւ կեղծ փաստաթղթերի մեղադրանքով: Դա կրկնվեց մի քանի անգամ, կարծես բանտը անեծքի նման հետեւում էր ինձ: Ես սկսեցի ելք փնտրել, բայց ինձ շրջապատոող մարդիկ գտնվում էին նույն թակարդում, որտեղ ես էի, եւ չէին կարող ինձ օգնել:

Մորս, եղբորս ու նրա կնոջ աղոթքների, քարոզների, զրույցների եւ իհարկե Աստծո ողորմության շնորհիվ աստիճանաբար սկսեցի աղոթել ու կարդալ Սուրբ Գիրքը:

Հասկացա, որ կա ճանապարհ եւ պետք է քայլել այդ ճանապարհով, միայն թե ինձ ուժ էր հարկավոր: Ես շարունակ մտածում էի` ինչպե՞ս թողնեմ ընկերներիս, ի՞նչ կմտածեն իմ մասին: Այդ մտքերը ինձ հանգիստ չէին տալիս:

Զգում էի, որ սիրում եմ Աստծուն, բայց միաժամանակ չէի դադարում մեղք գործել, որի արդյունքում կրկին հայտնվեցի բանտում` գողության մեղադրանքով: Այնտեղ հանդիպեցի մի մարդու, ով նախկինում եղել էր թմրամոլ, հանցագործ, սակայն ապաշխարել էր: Նրա հետ զրուցելուց հետո իմ հավատքը զորացավ, նույնիսկ, իմ կողքի կալանավորներին սկսեցի քարոզել Աստծո Խոսքը, թեեւ ինքս էլ լավ չգիտեի:

Բանտից ազատվելուց հետո ինձ հրավիրեցին եկեղեցական հավաքույթի: Ես ապաշխարեցի իմ մեղքերից եւ խնդրեցի, որ Տերը ինձ ուժ տա, որպեսզի կարողանամ քայլել Նրա ճանապարհով:

Հիսուս Քրիստոսը գերբնականորեն փոխեց իմ կյանքը: Նա իմ կյանքում արեց այն, ինչ ոչ ոք չէր արել եւ չէր էլ կարող անել: Այժմ ես ազատ եմ, կարողանում եմ մարդկանց հանդեպ ցուցաբերել իմ սերն ու բարությունը: Ես հասկանում եմ, որ այդ ամենը կատարելով` Տիրոջ կամքն ու պատվիրանն եմ կատարում: Աստված ինձ տվեց այն ամենը, ինչ փնտրում էի աշխարհում, բայց չէի կարողանում գտնել:

Այժմ, երբ առիթ է լինում եկեղեցու ծառայողների հետ այցելել բանտեր եւ հանդիպել իմ ծանոթներին, ես անպայման նրանց վկայում եմ Աստծո գործերի մասին: Նրանցից շատերի աչքերում տեսնում եմ այն մոլորվածությունն ու անհուսությունը, որով մի ժամանակ տառապում էի ես: Այդ պատճառով երազում եմ, որ նրանցից յուրաքանչյուրը ապաշխարի ինձ նման եւ ճաշակի Տիրոջ քաղցրությունը:

Արթուր Սեդրակյան

Մարդն, ով նպատակ ունի մարդկանց իրեն ծառա դարձնել, ի վերջո մնալու է միայնակ: Մարդն, ով նպատակ ունի ինքը ծառա դառնալ մյուսներին, երբեք միայնակ չի մնա: Ռ. Թումանյան