Պատասխանելով այն հարցին, թե ընդունելի՞ են արդյոք վիրտուալ ծանոթությունները, արդյոք ճի՞շտ է, թե ոչ՝ ամենից առաջ ուզում եմ ասել՝ խիստ կարևոր է շարժառիթը, որը ամեն մի անհատի սրտի ավելցուկից է, քանի որ նույն իրավիճակում, նույն պայմաններում տարբեր մարդիկ տարբեր բաներ են տեսնում, փնտրում և գտնում: Եթե մեկը Քրիստոսին ճանաչող քրիստոնյա է, ապա նա «լույս է և աղ»: Եթե «լույս է», ուրեմն պետք է շփվի խավարի հետ: Երբ մենք լուսավորում ենք տան սենյակները, բակը, քաղաքի փողոցները, տեսնում ենք, որ այնտեղ, որտեղ արդեն լույսը բավարար է և հաղթել է խավարին, կարիք չկա ևս լույսեր տեղադրելու: Հինգ սենյակ լուսավորելու համար մենք չենք կարող մեկում դնել այդ հինգ սենյակի համար նախատեսված լույսերը, իսկ մնացածը` թողնել խավարի մեջ: Մենք լամպերը համաչափ բաշխում ենք ըստ կարիքի: Նույն փորձառությունն ունենք աղի դեպքում, որտեղ աղը բավարար է լցված, այլևս աղ լցնել հարկավոր չէ, այլապես այն օգտագործմանը պիտանի չի լինի: Աղը և լույսը հարկավոր են ամենուր, միայն՝ չափավոր:
Մատթևոս 28.19-20 խոսքում մեր սիրելի Տերը պատվիրում է նրանց, ովքեր բավարար ճանաչում են Իրեն, գնալ մինչև աշխարհի ծայրերը և բոլորին քարոզել, սովորեցնել և մկրտել Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով: Իհարկե, սա վերաբերում է այն մարդկանց, ովքեր շիտակ են Աստծո առջև և իրենց՝ քաղաքից մեկնելը չեն արդարացնում այս համարով:
Լսել եմ որոշ քրիստոնյաներից, որ օգտագործում են ալկոհոլ` պատճառաբանելով, որ դա անում են Ավետարանը քարոզելու նպատակով, որ շրջապատի մեջ մերվեն, հետագայում ավելի հեշտ փոխանցեն Ավետարանի խոսքը: Կարծում եմ՝ այսպես մտածողների մեծ մասը կձախողվի: Ավելի հեշտ այդ մարդուն աշխարհը հետ կտանի, քան նա աշխարհից մեկ մեղավորի դեպի Տերը կառաջնորդի:
Գործք Առաքելոց 1.8 խոսքում մեր Փրկիչը հստակ ձևակերպում տվեց նրանց, ովքեր կարող են օգուտ բերել ազգին և ժողովրդին: Համարը սկսվում է այսպես. «Բայց Դուք զորություն կառնեք, երբ Հոգին ձեզ վրա գա»: Այսպիսով, եթե մեկի վրա չկա Սուրբ Հոգու զորությունը, ապա թե՛ վիրտուալ ծանոթությունները, թե՛ առօրյա, կենցաղային ծանոթությունները բարի արդյունք չեն կարող տալ: Գործք Առաքելոց 8-րդ համարը շարունակվում է այսպես. «Եվ Իմ վկաները կլինեք…»: Այսինքն՝ առանց Սուրբ Հոգու ճանաչողության և մտերմության հնարավոր չէ որևէ մեկին խավարից լույսի մեջ բերել: 8-րդ համարի շարունակության մեջ Տերը թվարկում է. «Ճանաչելով Սուրբ Հոգուն՝ վկաներ կլինեք Երուսաղեմում, Սամարիայում և մինչև երկրի ծայրերը»: Աստծո Հոգու հետ մտերիմ անձնավորությունն օգտակար կլինի Երուսաղեմում, այսինքն՝ եկեղեցիների ծառայողական թիմերին, Հրեաստանում, այսինքն՝ ամբողջ եկեղեցում, որը Քրիստոսի մարմինն է, Սամարիայում, այսինքն՝ աշխարհի բարեպաշտ, ներքին որակ ունեցող մարդկանց մեջ, «և մինչև երկրի ծայրերը», այսինքն՝ ամեն տեսակ մարդկանց մեջ:
Պողոս Առաքյալը, Աստծո Հոգու հետ մտերիմ լինելով, ասում է. «Ամենքի հետ իրենց պես եղա, որ նրանց շահեմ Քրիստոսի համար» (Ա Կորընթացիս 9.19-23): Ուրեմն այսօրվա հաղորդակցման կապի միջոցները` համացանցը, հեռուստատեսությունը, սոցիալական կայքերը ավելի մեծ շփումների հնարավորություն են տալիս և կարծում եմ՝ այդ ոլորտում նույնպես ամենքը գտնում են իրենց համապատասխան ընկերներ, այսինքն՝ ով ինչ փնտրում է, դա էլ գտնում է՝ լինի վիրտուալ, թե՝ իրական: Աստծո Խոսքը ցանկացած անհատի զգուշացնում է, որ ոչ մի բան չի կարող իրեն փորձել` այլ մարդը փորձվում է իր սրտի ցանկություններից (Հակոբոս 1.14):
Եթե մեր անձնական կայքերում կան ոչ պատշաճ, վատ վարքի բնորոշ նյութեր, նկարներ, հավանություններ (Like), բնականաբար մեզ առաջարկվող ծանոթությունները կլինեն նմանատիպ մարդկանցից: Խոսքը վերաբերում է այն մարդկանց, ովքեր քիչ թե շատ օգտվում են այս կամ այն ցանցերից: Յուրաքանչյուրի ինտերնետային էջը ցույց է տալիս մարդու ով լինելը, «որ դասին պատկանելը»: Այսինքն՝ նույնն է, թե ինչպիսին է նրա աչքը. Տեր Հիսուս ասաց. «Եթե քո աչքը խավար է, ապա սիրտը՝ որքան ավելի» (Ղուկաս 11.34-36): Որոշներն էլ կայքեր են բացում ուրիշի անունով, քանի որ նրանց գործերը չար են և չեն կամենում բացահայտվել: Տեր Հիսուս ասաց. «Չէ՞ որ, եթե բարի գործեր ունենաս, լույսի մեջ կգնաս, որ բոլորը տեսնեն, որ քո գործերը բարի են, բայց, որ բարի չեն, թաքնվում ես խավարի մեջ» (Հովհաննես 3.19-21):
Մեր սերնդի մասին գրել և մարգարեացել են աստվածաշնչյան մարգարեներ` Եսայան (44.3-5), Հովելը (2.28), Դանիելը (12.4) և այլն: Խոսելով Դանիելի հետ՝ Աստված ասում է, որ այն, ինչ, որ հիմա քեզ թելադրում եմ, քո և քո սերնդի համար չէ, այլ գալիք սերնդի: Շրջելով աշխարհով մեկ՝ մարդկանց գիտությունը խիստ կզարգանա և Իմ խոսքն ավելի լավ կհասկանան: Այլ կերպ ասած՝ Աստված երկար սպասել է մեր սերնդին, այնպես որ Նա գիտեր՝ գիտության զարգանալու հետ մեկտեղ կլինեն շատ հաղորդակցման միջոցներ:
Խորհուրդ եմ տալիս ամեն բան օգտագործել Ավետարանի քարոզչության, մարդկանց փրկության և եկեղեցու շինության համար և կստանաք օրհնությունը՝ ինչպես բարի և հավատարիմ ծառա, ով իրեն տրվածի մեջ եղավ հավատարիմ:
Եղե՛ք օրհնված Տեր Հիսուս Քրիստոսի անունով: