Զանազան հարցեր քննարկելիս շատ հաճախ կարող է ծագել վերոնշյալը: Այս հարցը շատ են տալիս այն ժամանակ, երբ խոսքը գնում է Աստծո հանդեպ ունեցած անհատական կամ այլ պարտականությունների մասին:
Միշտ պետք է հաշվի առնել, որ դրան հետևող պատասխանը բնավ չի որոշում քրիստոնեության ճիշտ կամ սխալ լինելը: Այս հարցը կարող է լուծվել միայն Հիսուս Քրիստոսի միջոցով՝ Իր՝ մեռելներից հարություն առնելով: Հեղինակության հարցը մեկընդմիշտ և բոլորի համար լուծված է, իսկ ովքեր չեն լսել, դեռևս բացատրության, մեկնաբանման կարիք ունի: Հարցի քննարկման լավագույն եղանակը որոշ ճշմարտությունների վկայակոչումն է, որոնք գրված են Սուրբ Գրքում: Աստվածաշնչում հստակ նշվում է, որ ոչ ոք չի կարող առանց Հիսուս Քրիստոսի գնալ Աստծո մոտ:
Հիսուս ասում է. «Ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ՝ Ինձանով» (Հովհ. 14.6): Մեղքերի թողություն ստանալու և հավիտենական կյանքին արժանանալու միակ ուղին Հիսուս Քրիստոս է: Շատերը գտնում են, թե նրանք, ովքեր բոլորովին չեն լսել Հիսուսի մասին, ինքնաբերաբար անեծքի տակ են: Իրականում չգիտենք, թե դա ինչպես է:
Թեպետև Մատյանը որոշակի բան չի ասում Հիսուսի ուսմունքը չհասկացողի կամ չիմացողի փրկության մասին, այնուամենայնիվ, համոզված ենք, որ ամեն մարդու ապաշխարության հնարավորություն է տրվում, և Աստված մարդուն երբեք չի մերժի միայն այն պատճառով, որ նա, հանգամանքների բերումով, ժամանակին և անհրաժեշտ վայրում չի ծնվել:
Հիսուս ասում է. «Ով ուզում է կատարել Նրա կամքը, պետք է իմանա այդ ուսմունքի մասին՝ արդյոք Աստծո՞ւց է, թե Ես ինքս ինձանից եմ խոսում» (Հովհ. 7.17): Աստվածաշունչը նաև բացահայտում է, որ ոչ ոք պատճառանք չի ունենալու. «Ինչ որ Աստծո մասին պետք է իմանան, նրանց մեջ հայտնի է, որովհետև՝ Աստված նրանց հայտնեց: Քանզի աշխարհի սկզբից Աստծո աներևույթ բաները՝ մշտնջենավոր զորությունը և Աստվածությունը ստեղծվածներով է իմացվում ու տեսնվում. այնպես որ անպատասխան են մնալու» (Հռոմ. 1.19-20):
Փաստ է, որ բոլոր մարդիկ կարող են ասել, որ Արարիչ գոյություն ունի, քանի որ այդ են վկայում ստեղծվածները: Սա համընդգրկուն վկայություն է: Սակայն մարդիկ անգիտանում են Աստծո գոյությունը և կամովին անտեսում Աստծուն վերաբերող շատ հարցեր, քանի որ նրանց սրտերը չար են: Աստվածաշունչն ուսուցանում է, որ անհավատ մարդիկ «ճշմարտությունը անիրավությամբ են բռնած պահում» (Հռոմ. 1.18): Ավելին, Մատյանը վկայում է, որ մարդն Աստծուն չի փնտրում, այլ իրականում փախչում է Նրանից: «Մեկը չկա, որ Աստծուն փնտրի» (Հռոմ. 3.11): Հետևաբար, չի կարելի ասել, թե Աստված մերժում է Իր Խոսքը հասցնել մարդուն, ով հուսահատաբար ճշմարտությունն է փնտրում:
Մենք նաև գիտենք, որ Աստված չի ցանկանում, որ «մեկն անգամ կորչի, այլ ուզում է, որ ամենքը ապաշխարության գան» (Բ Պետրոս 3.9): Սա ցույց է տալիս, որ Աստված հոգում է նաև այն մարդկանց մասին, ովքեր չեն լսել Ավետարանը: Աստված դա ապացուցել է՝ Իր Որդուն մահվան ուղարկելով նրանց փոխարեն. «Աստված Իր սերը, որ մեր հանդեպ ուներ, հայտնեց, երբ դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեռավ մեզ համար» (Հռոմ. 5.8):
Աստվածաշունչը սովորեցնում է, որ Աստված աշխարհը դատելու է արդարությամբ և ուղղամտությամբ: «Աստված սահմանել է մի օր, երբ այս աշխարհը արդարությամբ պիտի դատի» (Գործք 17.31): Սա նշանակում է, որ երբ ի մի բերվեն բոլոր փաստերը, Աստծո անունն արդարանալու է, և ոչ ոք չի կարողանալու ամբաստանել Նրան Իր ոչ ուղղամտության համար: Գուցե և մենք չկարողանանք իմանալ, թե Նա ինչ է մտադիր անել այդ մարդկանց հետ, սակայն գիտենք, որ Նրա դատաստանն ուղղամտորեն է լինելու: Այս փաստը պետք է գոհացնի բոլոր նրանց, ում հուզում է այն հարցը, թե Աստված ինչպես է վերաբերվելու Հիսուսի մասին բնավ չլսած մարդկանց հետ: Աստվածաշունչը նաև վկայակոչում է այն փաստը, որ երկրի վրա ապրող բոլոր ժողովուրդներից լինելու են մարդիկ, ովքեր լսելու և արձագանքելու են. «Մորթվեցիր և քո արյունով մեզ գնեցիր Աստծո համար ամեն ցեղից ու լեզվից և ժողովրդից ու ազգից: Եվ մեզ թագավորներ ու քահանաներ դարձրիր մեր Աստծո համար, որպեսզի երկրի վրա թագավորենք» (Հայտն. 5.9-10):
Աստվածաշունչը որպես օրինակ է բերում մի մարդու, ով հար և նման է ժամանակակից մարդուն: Նրա անունը Կոռնելիոս էր: Նա շատ աստվածավախ մարդ էր և ջերմեռանդորեն աղոթում էր Աստծուն: Թեև նա չէր լսել Հիսուս Քրիստոսի մասին, սակայն անկեղծորեն խնդրում էր Աստծուն, որ իրեն հայտնվի: Աստված, պատասխանելով Կոռնելիոսի աղոթքին, նրա մոտ է ուղարկում Պետրոս Առաքյալին, որպեսզի վերջինս Հիսուս Քրիստոսի մասին պատմի: Երբ Պետրոսն ավարտում է, Կոռնելիոսը դառնում է դեպի Քրիստոս՝ ընդունելով նրան որպես իր Փրկիչ: Այս օրինակից ակնհայտ է, որ երբ որևէ մեկն անկեղծորեն կամենում է ճանաչել Աստծուն՝ նա անպայման կլսի Հիսուսի մասին:
Այսօր էլ կան բազմաթիվ կոռնելիոսներ, ովքեր միևնույն աղոթքն են անում, որ ճանաչեն ճշմարիտ և կենդանի Աստծուն, և, անկախ այն բանից՝ որտեղ են ապրում, Բարի լուրը միշտ կհասնի նրանց:
Սիմոն Պետրոսը նշում է. «Ճշմարտորեն հասկանում եմ, որ Աստված ոչ մեկին աչառություն չի անում: Որևէ ազգից որևէ մարդ, որ նրանից երկյուղում է և արդարություն է գործում, Նրան ընդունելի է» (Գործք. Առ. 10.34-35):